2014-04-12 09:30:51

Պէյրութի մէջ յուշ երեկոյ` նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցին


Հինգշաբթի, Ապրիլի 10-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնում տեղի է ունեցել յուշ երեկոյ` նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցին:
Լիբանանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան օրհներգներից յետոյ բացման խօսքով հանդէս է եկել Լիբանանում Հայաստանի Հանրապետութեան դեսպան Աշոտ Քոչարեանը: Նա իր խօսքում նշել է, որ 99 տարի յետոյ էլ Հայոց ցեղասպանութեան հարցը մնում է բաց, քանի որ հայ ժողովրդի հանդէպ իրականացուած յանցագործութեան հետեւանքները չեն վերացուել: Դեսպան Քոչարեանը ընդգծել է, որ մարդկութեան դէմ կատարուած յանցագործութիւնները չունեն վաղեմութեան ժամկէտ եւ որ Հայոց ցեղասպանութեան ժխտումը ցեղասպանութեան շարունակութիւն է եւ պէտք է խստիւ դատապարտուի մարդկութեան կողմից: Նա շնորհակալութիւն է յայտնել աշխարհի բոլոր երկրներին եւ կազմակերպութիւններին, մասնաւորապէս Լիբանանի խորհրդարանին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը: Նա նշել է, որ 99 տարի է, ինչ աշխարհասփիւռ հայութիւնը եւ ողջ միջազգային հանրութիւնը սպասում է, որպէսզի Թուրքիան պատմական փաստերը խեղաթիւրելու եւ ժխտողական քաղաքականութիւն վարելու փոխարէն վերջապէս ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը: Անդրադառնալով Քեսապի դէպքերին` դեսպանը Քոչարեանը նշել է, որ միջազգային հանրութիւնը պէտք է վճռական ջանքեր գործադրի տեղահանուած մարդկանց` ներառեալ հայերի, ապահովութիւնը եւ անվտանգութիւնը երաշխաւորելու համար, պայմաններ ստեղծելու իրենց բնակութեան վայրերը նրանց շտապ, անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի համար: Եզրափակելով իր խօսքը` դեսպան Քոչարեանը նշել է` «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր համայն հայութեան հետ մենք մեր գլուխն ենք խոնարհում Հայոց ցեղասպանութեան անմեղ մէկուկէս միլիոն նահատակների յիշատակի առջեւ: Մենք շարունակելու ենք ապրել եւ արարել յանուն գեղեցիկի, յանուն հայոց հայրենքի, մեր ազգային իղձերի եւ արժէքների: Մենք պէտք է հզօրանանք եւ շարունակենք յաղթահարել արդի աշխարհի բոլոր մարտահրաւէրները մեր միասնականութեան, համերաշխութեան եւ ներուժի շնորհիւ»:
Լիբանանի Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական մարմնի անունից հանդէս է եել Ռաֆայէլ Ումուտեանը, ով բարձր է գնահատել արդիւնաւէտ գործունէութիւնը եւ սերտ համագործակցութիւնը Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան հետ: Իր ելոյթում նա կարեւորել է համակարգուած աշխատանք, ջանքերի համախմբում ցեղասպանութեան միջազգային ճանաչման, որպէս պատմական ճշմարտութեան վերականգնման, համընդհանուր դատապարտման եւ հետեւանքների վերացման ուղղութեամբ: Նա առաջարկել է, որպէսզի ապրիլի 24-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչուի Հայոց ցեղասպանութեան յիշատակի օր:
Յուշ երեկոյին ելոյթներ են ունեցել նաեւ Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր, խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի ներկայացուցիչ Ղասսան Մուխայպերը եւ Լիբանանում Վատիկանի ներկայացուցիչ, առաքելական նուիրակ Կապրիելա Քաչիան, որոնք կիսելով հայ ժողովուրդի ցաւը եւ անդրադառնալով 20-րդ դարի ոճրագործութիւններին յոյս են յայտնել, որ միջազգային հանրութիւնը ջանք չի խնայի կանխելու մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնները:
Ելոյթներից յետոյ երգչուհի Շողիկ Թորոսեանը եւ դաշնակահար Յասմիկ Գասպարեանը կատարեցին «Կիլիկիա», «Կռունկ» եւ «Աւէ Մարիա» երգերը: Երեկոյի ընթացքում ցուցադրուել են փաստավաւերագրական ժապաւէններ: Հիւրերը իրենց գրառումները թողեցին Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման յուշամատեանում:
Միջոցառմանը ներկայ էին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.-ի ներկայացուցիչ, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանը, Հայ կաթողիկէ պատրիարք կաթողիկոսի ներկայացուցիչ, Զմմառի վանքի մեծաւոր, գերապայծառ Գաբրիէլ Մուրատեանը, Լիբանանի ուժանիւթի եւ ջրի նախարար Արթիւր Նազարեանը, Լիբանանի խորհրդարանի պատգամաւորներ, արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչներ, Լիբանանում հաւատարմագրուած դեսպաններ, քաղաքական կուսակցութիւնների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Լիբանանի Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական մարմնի անդամները, ինչպէս նաեւ Թեհրանի եւ Քուէյթի 100-ամեակի մարմնի ներկայացուցիչներն ու հիւրեր Հայաստանից:









All the contents on this site are copyrighted ©.